Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Հովհաննես Ժ-ին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե հայրապետական շնորհավորականում մասնավորապես ասվում է. «Աստծու կամքով Ձեզ վստահվեց Անտիոքի հնամենի Աթոռի առաջնորդությունը Սիրիայի եւ Միջին Արեւելքի համար այս ծանր ժամանակաշրջանում: …Այժմ, իբրեւ բարի հովիվ, Դուք կոչված եք ամբողջանվեր ծառայելու Սիրիայի հավատացելոց կարիքներին` համագործակցելով նաեւ այլ Եկեղեցիների եւ կրոնների հետ: Թող Աստված զորացնի Ձեզ` շարունակելու Ձեր նախորդների անխոնջ աշխատանքը` հոգալու Իր ժողովրդի հոգեւոր կարիքները, առկա հակամարտության պայմաններում խրախուսելու հաշտությունը եւ հետամուտ լինելու շարունակական միջկրոնական երկխոսության»:
Վեհափառ Հայրապետը նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ Անտիոքի Հույն Ուղղափառ Պատրիարքության հարաբերությունները կշարունակեն պտղաբերել եւ զարգանալ ի փառս Աստծո եւ Սիրիայում ու Միջին Արեւելքում խաղաղության ու կայունության հաստատման համար:





























