2012 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է 3 տոկոսով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդահամարի եւ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։ Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 30 906 ծնունդ, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 31854 ծնունդ։ Մահվան ցուցանիշները եւս նվազել են՝ 2012 թվականին 9 ամսվա ընթացքում այն կազմել է  4 պրոմիլ։

9 ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 13 828 ամուսնություն՝ հազարից 5-6 հոգի։ Անցած տարվա համեմատ, ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ապահարզաններինը՝ աճել 3,1%-ով։ Ապահարզանների ցուցանիշով աչքի են ընկնում Երեւանն ու Լոռիի մարզը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ծնելիության ամենաբարձր մակարդակները գրանցվել են Երեւանում եւ Կոտայքի մարքում։ Այդ ցուցանիշները ցածր են հանրապետության Տավուշի, Սյունիքի եւ Լոռիի մարզերում։