Աշխարհի հնարավոր կործանման լուրերը պարզապես այն մարդկանց հորինվածքն են, որոնք դրանով փող են աշխատում: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում հայտնել է աստղաբան Լյուսյա Հակոբյանը:
Ըստ նրա, բնականաբար, ոչ մի աշխարհի վերջ էլ չի լինի: «Այդ բոլոր լուրերը լավ բիզնեսի հետեւանք են: Չպետք է հավատալ նման ստահոդ լուրերին», - նշել է Լյուսյա Հակոբյանը, հավելելով, որ նման լուրերն ամբողջ աշխարհում տարածում են մասոնականության ներկայացուցիչները:
Ըստ աստղաբանի՝ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր մտքերի եւ արարքների համար: Նրանց, ովքեր վախենում են վաղվա «աշխարհի վերջից», նա խորհուրդ է տվել առավոտյան կում-կում ջուր խմել եւ հանգստանալ: Մամուլի ասուլիսի մյուս մասնակից հոգեբան Սամվել Խուդոյանը նշել է, որ դեկտեմբերի 21-ը կլինի շատ լավ եւ ուրախ օր: «Մարդիկ, ովքեր հավատում են աշխարհի վերջին եւ վախենում, կարող են մնալ տանը եւ ողջ օրը քնած անցկացնել: Դա նման վախերի դեպքում փորձված եւ արդյունավետ միջոց է», - ամփոփել է հոգեբանը:




























