Տոնական օրերին շատ ուտելն ամենատարածված եւ առողջության համար վնասակար երեւույթներից է, սակայն դա ամենասարսափելին չէ. գիրությունից խուսափել հնարավոր է, իսկ ուտելու հետ կապված գլխավոր խնդիրն անվտանգությունն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում նշեց Առողջապահության նախարարության առողջարանաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետաբան Վարդանուշ Պետրոսյանը:

Նրա խոսքով, Ամանորի տոները ամենածանր երկու շաբաթն են սննդի մարսողության տեսանկյունից: Տոնական սեղանը միշտ հարուստ է լինում եւ շատ դժվար հեռու մնալ շատ բան համտեսելու գայթակղությունից: Առողջության համար առավել վտանգավոր են աղցանները, որոնցում առկա սննդամթերքի պիտանելիության ժամկետը մի քանի օր է: Փորձը ցույց է տալիս, որ աղցաններն օրերով մնում են սեղաններին:

«Տոնական օրերի մյուս վատ կողմը ալկոհոլի չափից շատ օգտագործումն է»,-ասաց բժիշկ-դիետաբանը: Նա խորհուրդ տվեց սոված հյուր չգնալ, իսկ առաջին հերթին պետք է ուտել թարմ բանջարեղենից պատրաստված աղցաններ: Միաժամանակ, նա խորհուրդ տվեց բացառապես որակյալ սնունդ ընդունել:

Սրտանոթային հիվանդություններ ունեցողները պետք է հիշեն, որ սննդակարգից յուրաքանչյուր շեղում եւ ալկոհոլի շատ օգտագործում կարող է հանգեցնել հիվանդության բարդությունների: «Եթե կամքի ուժն առկա է, ապա անցանկալի իրավիճակներից կարելի է խուսափել»,-ամփոփեց նա: