Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը կանանց զինծառայություն անցնելն աննպատակահարմար է համարում:
«Աննպատակահարմար եմ համարում կանանց զինծառայություն անցնելը: Մանավանդ որ դրա համար համապատասխան ենթակառույցներ են հարկավոր, որ մենք չունենք», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գեներալ-գնդապետը:
Միեւնույն ժամանակ Միքայել Հարությունյանը հիշեցրել է, որ հայոց բանակում մեծ թվով կանայք են ծառայում: «Նրանք ծառայում են այն պաշտոններում, որտեղ դա առավել արդյունավետ է՝ հեռախոսավարուհի, գործավարուհի, թիկունքային ծառայությունում: Սակայն առաջին գծում նրանց ներկայությունը բացարձակ աննպատակահարմար է», - ընդգծել է գլխավոր ռազմական տեսուչը:
Նշենք, որ մի շարք երկրներում, օրինակ՝ Իսրայելում, կանայք պարտադիր զինվորական ծառայություն են անցնում: Ռուսաստանում, ըստ լրատվամիջոցների, Պետդումայի մի խումբ պատգամավորներ օրինագիծ են մշակում, ըստ որի՝ ռուս կանայք նույնպես կարող են կամավորության սկզբունքով ծառայել բանակում:





























