Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ներկայացնելով 2012 թվականին կատարած աշխատանքների համառոտ հաշվետվությունը, նախ նշել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության հիմնական ռազմավարությունն ուղղված է մայրաքաղաքում կարիքավոր ընտանիքների աջակցությանը, սոցիալական ռիսկի խմբերի արդյունավետ կառավարմանն ու աղքատության դեմ պայքարին: Պատվիրակված լիազորություններն իրականացվում են քաղաքապետարանին ենթակա 12 սոցիալական ծառայությունների բաժինների միջոցով: Նպաստների եւ դրամական աջակցության համար պետական բյուջեից միայն Երեւան քաղաքում ծախսվել է շուրջ 7.5 միլիարդ դրամ: Զգալիորեն կանոնակարգվել  եւ ավելի արդյունավետ է գործում հնարավոր անճշտությունների կանխման համակարգը:  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ  2012 թվականին իրականացվել են սոցիալապես անապահով խավերին ուղղված բազմաթիվ միջոցառումներ , մեծարման երեկոներ ու  ակցիաներ, որոնցում ներգրավվել են  Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, տարեց երեւանցիներ, եղեռնը վերապրած քաղաքացիներ, ովքեր հատուկ ուշադրության են արժանացել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջաններում հաշվառված 21000 կարիքավոր  ընտանիքների էլ ամանորի առիթով կտրամադրվի պարենային օժանդակություն: Սիրիահայ եւ ռիսկային խմբերի 2500 երեխաների համար նախատեսված ամանորյա միջոցառումներից բացի կտրվեն նաեւ նվերներ:

Քաղաքապետարանը  հատուկ կարիքներով մարդկանց խնդիրների լուծման կամ դրանք մեղմելուն ուղղված մի շարք սոցիալական եւ այլ ծրագրեր է իրականացրել՝ ակտիվ համագործակցելով հասարակական եւ միջազգային կառույցների հետ: Քաղաքապետարանի ենթակայության 6 մանկապարտեզներում եւ 40 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվում հաշմանդամ երեխաների համար: Այդ երեխաների մուտքը քաղաքապետարանի բոլոր մշակութային հաստատություններ անվճար է: Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այցելություններ են կազմակերպվել, որոնց ընթացքում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել խուլ ու համր երեխաների ինտեգրացիոն կենտրոնին, Հայաստանի խուլերի եւ կույրերի միավորումներին: Քաղաքապետարանը, համագործակցելով հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ , հիմնել է 16 բարեգործական ճաշարան, որտեղ 2300 շահառուներ ամենօրյա տաք սնունդ են ստանում: Ավան վարչական շրջանում գործում է նաեւ տարբեր ծառայություններով հագեցած տարեցների ցերեկային խնամքի կենտրոն: Ռուզաննա Զաքարյանը հատկանշել է անօթեւան քաղաքացիներին ապաստան տրամադրելու`Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունը: Վարչական շրջաններից ստացված տեղեկատվության հիման վրա, Երեւանի քաղաքապետարանը,  համագործակցելով հայ-դանիական «Հանս քրիստիան Կոֆոյետ» հիմնադրամի հետ, դեռ անցյալ տարի նման մարդկանց համար բացել է հատուկ հաստատություն, որտեղ հոգ են տանում նրանց մասին, ապահովում տաք սնունդով եւ կենսագործունեության համար բնականոն պայմաններով: Ծրագիրը ի սկզբանե կարճաժամկետ է եղել, բայց, անհրաժեշտությունից ելնելով, քաղաքապետ տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  երկարաձգվել է եւ գործում է մինչ օրս: Առ այսօր կացարան է տեղափոխվել 137 անօթեւան Երեւանից եւ հարակից մարզերից, որոնց մի մասը ապահովվել է աշխատանքով ու փոխել բնակության վայրը, ոմանք էլ գտել են հարազատներին, իսկ կենսաթոշակային տարիքի մի քանի մարդիկ էլ տեղափոխվել են ծերանոցներ: Ռուզաննա Զաքարյանն անդրադարձել է նաեւ քաղաքացիների դիմումներին, որոնք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկ առ մեկ ուսումնասիրվում են`համապատասխան ընթացք տալու համար: