Կահիրեում ամբոխը շրջապատել եւ քարերով ծեծել է Եգիպտոսի դատավորների Գերագույն կոլեգիայի նախագահ Ահմեդ Զանդին: Հարձակվողները դիմակներով են եղել:
Ոստիկանությանը հաջողվել է նրանցից խլել Զանդին, որը վնասվածքներ է ստացել, երեք հանցագործ ձերբակալվել է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Զանդը խիստ քննադատությամբ հանդես է եկել Եգիպտոսի սահմանադրական հանրաքվեի դեմ, որն անվանել է «փարավոնական», քանի որ բավական լայն իրավասություններ է տալիս նախագահին, հայտնում է ՆՏՎ-ն:
Գերագույն կոլեգիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսի դատավորները դեռեւս երբեք նման ստորացման չեն ենթարկվել: Նախագահ Մուրսիի կողմնակիցները պնդում են, որ Սահմանադրությանն աջակցել է քաղաքացիների մեծամասնությունը: Ընդդիմությունը հանդես է գալիս այդ փաստաթղթի դեմ, որը հիմնված է շարիաթի օրենքներ վրա, հաղորդում է vesti.ru-ն:
Զանդը Մուհամեդ Մուրսիի գլխավոր հակառակորդներից է: Հենց նա է հետեւողականորեն փորձում խանգարել իսլամիստների կողմից երկրում իշխանությունը վերջնականապես զավթելուն:





























