Դեռ երեք-չորս ամիս առաջ էինք խոսում իմ առաջադրման մասին. կա ամեն ինչ արագացնելու եւ որոշակիացնելու պահանջ, կարծում եմ՝ դա հասարակության պահանջն էլ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Ազատություն» կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով քիչ առաջ համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու:
Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ հավակնություններ չունի, իշխանություն չի ուզում եւ կցանկանար հեռանալ:
Անդրադառնալով համագումարին հրավիրվածներին, նախկին վարչապետը նշել է, որ հրավիրել են միայն ՀԱԿ-ի երբեւեէ մաս կազմած ուժերի ներկայացուցիչներին, իսկ ՀՅԴ-ից ու «Ժառանգությունից» էլ ներողություն է խնդրել չհրավիրելու համար:
Բագրատյանը հավելել է, որ ակնկալում է, որ իր թեկնածությունը կպաշտպանեն ՀԱԿ-ի մաս կազմող եւ ՀԱԿ-ից հեռացած ուժերը:
Նշենք, որ օրեր առաջ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու եւ այդ առաջադրոմը ՀԱԿ-ի կողմից չի լինելու: Նա խոստացել էր հանել թեկնածությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Բագրատյանն իր այդ որոշումը բացատրել էր ընտրություններում արեւմտյան արժեքներ դավանող թեկնածուի մասնակցության անհրաժեշտությամբ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, ՀՀՇ համագումարում հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտնի մի քանի օր անց:





























