Հրանտ Բագրատյանը քաղաքական դաշտում պատահական մարդ չէ, մասնակցել է այս երկրում բոլոր քաղաքական լուրջ գործընթացներին, զբաղեցրել է լուրջ պաշտոններ եւ այսօր կարող է նախագահ դառնալու հայտ ներկայացնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Ազատություն» կուսակցության համագումարում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը:

«Ուզում եմ, որ նպատակները, ցանկությունները, որ կուսակցությունը դրել է այսօր իր առաջ՝ իրականանան: Բագրատյանը երկրի ազատականացման գործում լուրջ լումա է ունեցել»,-ընդգծել է Ա. Սարգսյանը:

«Ազատության համագումարին» հրավիրված «Ազատ դեմոկրատների» անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին հայտարարել է, որ շատ ուրախ է, որ «Ազատությունը» կարողացել է հավատարիմ մնալ իր ծրագրին: «Մենք միասին պայքարեցինք տարբեր հանգրվաններում: Կուսակցությունը կարողացավ հավատարիմ մնալ իր կուսակցական ծրագրին, արժեքներին: Կարեւորում ենք, որ համագումարը գումարվել է նախընտրական փուլում: Մասնակցության ձեւի եւ որակի մասին կհայտարարվի: Թույլ տվեք հույս հայտնել, որ կուսակցությունը կդավանի այն սեկտորը հասարակության, որը դավանում է համամարդկային արժեքներին»,-ընդգծել է նա:

Նշենք, որ այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Նա օրեր առաջ Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու եւ այդ առաջադրումը ՀԱԿ-ի կողմից չի լինելու: Նա խոստացել էր հանել թեկնածությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Բագրատյանն իր այդ որոշումը բացատրել էր ընտրություններում արեւմտյան արժեքներ դավանող թեկնածուի մասնակցության անհրաժեշտությամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, դեկտեմբերի 22-ին, ՀՀՇ համագումարում հայտարարել է, որ իր որոշման մասին կհայտնի մի քանի օր անց: