Վրաստանի իշխանությունները մտադիր են կառուցողական եւ սկզբունքային լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա այս հարցի առնչությամբ Ռուսաստանի նախագահի ելույթը դրական է համարել, իսկ տնտեսական կապերը վերականգնելու առնչությամբ վերջերս արած հայտարարությունը՝ հետաքրքիր: Իվանիշվիլին նաեւ հերքել է վրացական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե հնարավոր է իրենց պաշտոնները կորցրեն ԱԳ նախարար Փանջիկիձեն եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեն:

Անդրադառնալով Ռուսաստանի ղեկավարների հետ իր հնարավոր հանդիպումներին, Վրաստանի վարչապետը չի բացառել, որ «շփումներ կարող են լինել Դավոսում», որտեղ  հաջորդ տարվա հունվարին տեղի է ունենալու համաշխարհային տնտեսական ֆորումը: Միաժամանակ, Իվանիշվիլին ընդգծել է, որ այս փուլում նման հանդիպումների նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նրա խոսքով, Վրաստանը չի քննարկում ԱՊՀ վերադառնալու հարցը, սակայն մտադիր է խորացնել հարաբերությունները ԱՊՀ բոլոր երկրների հետ:

«Մեր ռազմավարությունը եվրոպական եւ եվրատլանտյան տարածքում ինտեգրվելն է եւ մենք մտադիր չենք վերանայել այդ ռազմավարությունը: Միաժամանակ, մենք պետք է խորացնենք հարաբերություններն ԱՊՀ բոլոր երկրների հետ: Բայց ԱՊՀ-ին անդամագրվելու հարցը չենք քննարկում»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Վրաստանը վերադառնա ԱՊՀ կազմ: