Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, դեկտեմբերի 18-ին, Հանրային խորհրդի անդամների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվել է հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության եւ փոխօգնության ազգային կառույցի հիմնադիր հավաքը:

Հավաքի ընթացքում հավանության են արժանացել Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական եւ սպառողների իրավունքների հանձնաժողովի եւ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կողմից առաջարկված կառույցի ձեւավորման ծրագրի հիմնական ուղղությունները, որոշվել է մասնակցության կոչով դիմել բոլոր հայրենակիցներին` անկախ բնակության վայրից եւ գործունեության բնույթից ձեւավորել համակարգող խորհուրդ, աշխատանքային խմբեր, միջոցների ներգրավման խրախուսման ֆոնդ:

Որոշվել է նաեւ հեռուստատեսության, էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների աջակցությամբ կազմակերպել լայնամասշտաբ քարոզչական գործընթաց՝ հանրությանը տեղեկացնելու, թե միջոցների էական խնայման, ժամանակակից համացանցային ծառայություններից արդյունավետ օգտվելու ինչպիսի լայն հնարավորություններ է ընձեռում կառույցն իր յուրաքանչյուր մասնակցին:

Այդ նպատակով դեկտեմբերի 25-ին Հանրային խորհրդում կազմակերպվում է քննարկում- ասուլիս Հանրային խորհրդի, հիմնադրամի, Էկոնոմիկայի եւ Սփյուռքի նախարարությունների, քաղաքապետարանի, աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառումն ամբողջությամբ հեռարձակվելու է համացանցով, հնարավորություն է ստեղծվելու տեսաձայնային ուղիղ կապով հարցեր ուղղելու եւ առաջարկություններ անելու: