Հայաստանի ընդդիմադիր ճամբարում քաղաքական կուսակցությունների միջեւ համաձայնություն չկա. ակնհայտ է, որ նրանք ի վիճակի չեն լինի համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Քաղաքական համախմբումը շատ է ազդում հայ ժողովրդի տրամադրության վրա, ինչով էլ պայմանավորված են լինում երկրում նախագահական ընտրությունների արդյունքները:

Քանի որ ընդդիմադիր ուժերի միջեւ միավորման գործընթացներ տեղի չեն ունենում, հետեւաբար հնարավորություններով գործող նախագահին հավասար թեկնածու չի լինի», - նշել է քաղաքագետը: Նա նման կարծիքը բացատրել է նրանով, որ ընդդիմությունն իր բոլոր հույսերը կապում էր «Բարգավաճ Հայաստանի» հետ, իսկ վերջինիս որոշումը որոշակի վակուումի է հանգեցրել:

Ստեփան Գրիգորյանը նաեւ հավելել է, որ ընդդիմությունն արդեն համախմբման եւ ժողովրդին իր կողմը գրավելու ժամանակ չունի: «Հարկ է նշել, որ մեր ժողովուրդը ընդդիմադիր ճամբարում նոր գաղափարներ ու նախաձեռնություններ չի տեսնում: Բացի այդ,  հայկական ընդդիմությունն արտաքին քաղաքական շատ հարցերում հետ է իշխանությունից»,- ամփոփել է քաղաքագետը: