Հայաստանում շատերին է պարզ, որ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կհաղթի: Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ասուլիսում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը, լինի դի Վաշինգթոնը, Բրյուսելը կամ Մոսկվան, այլընտրանք չեն տեսնում: «Լավ է դա, թե՝ վատ, դա այլ խնդիր է»,-ասաց քաղաքագետը:

Միաժամանակ, Կիրակոսյանը հրաժարվեց պատասխանել առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի թեկնածու չառաջադրվելուն վերաբերող հարցին:

Քաղաքագետը շատ հոռետեսական կարծիք հայտնեց առաջիկա ընտրությունների մրցակցայնության մակարդակի առումով, թեեւ հավելեց, որ դա ինքն իրենով դեռեւս բացասական չէ: Գլխավորն այն է, որ ընտրական գործընթացը լինի թափանցիկ եւ համապատասխանի միջազգային ստանդարտներին:

Ընտրություններից հետո, ըստ Կիրակոսյանի, հայ հասարակությունը կարող է նոր քաղաքական կամքի ականատես լինել, քանի որ երկրորդ նախագահական ժամկետը ժառանգորդի մասին մտածելու ժամանակ է: Նա նշեց, որ նկատի ունի այն, թե այսուհետ ինչ ճանապարհով է ընթանալու Հայաստանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է դասեր քաղի Վրաստանի փորձից, քանի որ խոցելի իշխանությունների համար վտանգավոր է անտեսել ժողովրդի պահանջները: