Էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին իր կատարած իմաստուն քայլի համար: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` հավելելով, թե մյուս թեկնածուների գոռոզությունը թույլ չի տա շնորհակալություն հայտնել:
Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր չառաջադրվելով խոչընդոտներ չի ստեղծի իր քարոզարշավի ընթացքում: «Ռոբերտ Սեդրակովիչին եւս շնորհակալ եմ, որ չառաջադրվեց եւ իմ քարոզարշավի ընթացքում արհեստական խոչընդոտներ չստեղծեց: Ինձ համար մեծ պատիվ կլինի ընտրություններից եւ իմ հաղթանակից հետո աշխատել նրանց հետ: Ես ասել էի, որ երբ նախագահ դառնամ, նրանք կդառնան իմ խորհրդականները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա քաղաքակիրթ պայքարից հետո նա կպարտվի եւ նույնպես կդառնա իմ ավագ խորհրդատուն»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանից շնորհակալություն չի հայտնում չառաջադրվելու համար, Սեդրակյանը պատասխանեց, թե Ծառուկյանից շնորհակալություն հայտնելու իմաստ չի տեսնում, քանի որ քաղաքականության մեջ իրեն հետաքրքրում են վերը նշված երեք մարդիկ: Ինչպես նաեւ ավելացրեց, որ ԲՀԿ-ն իր համար ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունը: «Ավելին` շնորհակալություն հայտնեցի Ռոբերտ Քոչարյանին, երեւի այդ շնորհակալությունների մի մասը կուղղի Գագիկ Ծառուկյանին»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:





























