Մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նախատեսված էր նաեւ  երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ, «Հայր եւ որդի Մկրտչյաններ» ընկերության   ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության «Հունդաի» մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղեւորների համար հարմարավետ երթեւեկության սահմանված չափանիշներով: Մասնավոր ընկերությունների կողմից մինչեւ 2013 թվականի առաջին եռամսյակ Երեւան կբերվի միջին տեղատարողության եւս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու եւս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակատվածում շարունակական բնույթ կկրեն: Մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով: Այսուհետ չինական ավտոբուսներով կսպասարկվի նաեւ թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը  վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի  փոփոխության, կունենա  13 համարանիշը: 

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախատոնական օրերին, մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչեւ կեսգիշեր, իսկ Երեւանի մետրոպոլիտենը`մինչեւ ժամը  02:00-ն: