Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ՊՆ ունեցվածքի հետ կապված խարդախությունների գործով: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ նախկին նախարարին ծանուցագիր է հանձնվել եւ նա պետք է Քննչական կոմիտե ներկայա դեկտեմբերի 28-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Սերդյուկովը կորել է: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», Սերդյուկովին անհրան է զանգահարել որեւէ հեռախոսահամարով: Նրա շքեղ բնակարաններում դեռ մարդ չի բնակվում: Նրա մտերիմներից մեկը լրագրողներին ասել է, որ Սերդյուկովին չի տեսել նրա պաշտոնաթողությունից հետո:

Այս ֆոնին տրամաբանական է ենթադրությունը, որ «ամազոնուհիների առաջնորդը» կարող էր լքել Ռուսաստանի սահմանները: ՌուսաստանիԱնվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աղբյուրը հայտնել է, որ Սերդյուկովի անունը «ստոպ-լիստում» նշված չէ, ուստի նա ազատորեն կարող էր լքել երկիրը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

ՊՆ աշխատակազմի նախկին աշխատակցի խոսքով՝ «նախարարը, հավանական է, արդեն լքել է Ռուսաստանը, ընդ որում երկրի բարձրագույն ղեկավարության հետ զրույցից հետո, որը կայացել է նրա պաշտոնաթողությունից հետո»:

Միաժամանակ, Սերդյուկովի փաստաբան Հենրիխ Պավդան հերքել է այդ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ Սերդյուկովը չի մեկնել արտասահման եւ հիմա գտնվում է Մոսկվայում, գրում է РБК daily-ը: