Նախախորհրդարանի նախաձեռնողները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նախանշում է իր անելիքները:

Հայտարարությունում ասվում է.

«Շուրջ մեկ ամիս առաջ` 2012 թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի երեք տասնյակ քաղաքացիներ նախաձեռնել են ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու եւ իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձեւավորման գործընթացի  մեկնարկը, եւ որպես այդ գործընթացի նախաձեռնող խումբ` իրենց հռչակեցին Նախախորհրդարան:

Սա պայմանավորված էր այն արձանագրումով, որ Հայաստանում առկա է պետականության գոյությանը սպառնացող բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական,  ժողովրդագրական եւ կառավարման` օրեցօր խորացող համակար-գային ճգնաժամ. որն իրական  վտանգ է հանդիսանում հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար:

Նախախորհրդարանը համակարգային ճգնաժամի հաղթահարման առաջնային պայման է համարում արդյունավետ այլընտրանքային կառավարման ապահովումը, որին հասնելու համար հետամուտ է լինելու լուծել հետեւյալ խնդիրները.

- մշակել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու եւ իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ռազմավարական հայեցակարգը,

- նախադրյալներ ստեղծել Հայաստանում եւ արտերկրում բնակվող համապատասխան կադրային ռեսուրսի ներգրավման համար,

- ապահովել նոր որակի պետության ձեւավորման մեկնարկի համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր խորհրդարանի կազմավորումը:

Այս խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելով, Նախախորհրդարանն արդեն անցկացրել է մի քանի լիագումար նիստ, որոնց ընթացքում մշակել է իր գործունեության կանոնակարգային ու մեթոդաբանական փաստաթղթերը, կազմավորել է ռազմավարական հայեցակարգի մշակման ոլորտային աշխատանքային խմբեր: Այդ խմբերում ներգրավվում են Հայաստանում եւ արտերկրում բնակվող փորձագետներ եւ խորհրդականներ: Խմբերի աշխատանքը զուգահեռաբար կատարվում է երկու` ռազմավարական հայեցակարգի նախագծի տեքստի մշակման եւ հանրային լսումների կազմակերպման ուղղությամբ: Լսումներին որպես բանախոսներ են հրավիրվում տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ եւ վաստակ ունեցող անհատներ: Լսումները լինելու են բաց, եւ հեռարձակվելու են ինտերնետային կապով:

Արդեն կազմակերպվել է առաջին հանրային լսումը, որը նվիրված է եղել «Հայրենադարձությունը եւ ազգային անվտանգության մարտահրավերները» թեմային: Կարեւորվում են նաեւ Նախախորհրդարանի արտագնա նիստերը, որոնցից առաջինը կայացել է Գյումրիում: Սկսել են նաեւ հանդիպումներ համակիրների հետ արտերկրում, մասնավորապես կազմակերպվել են Նախախորհրդարանի եւ նրա քարտուղարության անդամների հանդիպումներ Եվրոպայի մի շարք երկրներում  եւ ԱՄՆ-ում:

Նախախորհրդարանի ծնունդը համընկավ Հայաստանում դասական կուսակցական քաղաքական դաշտի փլուզման հետ եւ սա պատահական չէր: Ներկայացուցչական ժողովրդավարության սնանկացումը պետք է ծներ անմիջական ժողովրդավարական, քաղաքացիական դաշտի անհրաժեշտ վերակազմակերպում՝ նոր ներկայացուցչական մարմինների անհրաժեշտ սաղմնավորմամբ:

Մենք, փաստորեն, ականատեսն ենք մեր երկրի քաղաքական պատմության քսանամյա շրջանի ավարտին եւ նորի ծնունդին: Նախախորհրդարանը վստահ է, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է քայքայվող քաղաքական դաշտին հատուկ հեղծուկ գորշությունը, դրանից բխող հասարակական անտարբերությունն ու հուսահատությունը: Իրենց մարդկային եւ ազգային արժանապատվությանը տեր կանգնելու պատրաստ քաղաքացիները հանրությանը համախմբվելու են արժանի նպատակի` նոր որակի  պետության ձեւավորման առանցքի շուրջ եւ ապահովելու են քաղաքական արատավոր շրջանից երկրի դուրսբերումը: 

Քրեա-օլիգարխիկ վարչախմբի ու նրան լեգիտիմացնող ընդդիմության վերնախավի գործակցությամբ ձեւավորված ”քաղաքական” գործընթացներում՝ “նախագահական ընտրություններ” կոչվող բեմականացման մեջ ժողովրդին վերապահված պասիվ դիտորդի վիճակը ժամանակավոր  է:

Քաղաքական թմբիրից արթնացող քաղաքացիների համար ակնհայտ է, որ ներկայիս «ընտրախավը» հանդիսանում է հանցագործ ու անձեռնհաս կեղեքիչների խումբ, որը պետությունը  վերածում է գաղութի. եւ որը,  ազգային շահերին համապատասխան կառավարելու փոխարեն, հարմարվելով միջազգային կոնյուկտուրային, իր նպատակն է դարձրել սեփական կլանային շահերի  իրացումը ժողովրդի, երկրի ու պետության հաշվին:

Քաղաքացիները այլընտրանքային ընտրությունների միջոցով ծնելու են մեր պատմությանը արժանի իսկական ընտրախավ` Հիմնադիր խորհրդարան,  նրան տալով իրենց  դեմքը լինելու, հանցավոր վարչախմբին հեռացնելու եւ քաղաքական ճահիճը մաքրելու լիազորություններ:

Շնորհավորելով մեր ժողովրդի գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը ` Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ կուտակելով մտավոր ու մասնակցային անհրաժեշտ ներուժ, այն առաջիկա տարում կառուցիկ եւ անկոտրում ընթանալու է դեպի  նշված նպատակի իրականացումը»:

Նշենք, որ Նախախորհրդարանի նախաձեռնողների շարքում են Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուքասզյանը, Հրանուշ Խառատյանը եւ այլ հայտնի մարդիկ: