Ոստիկանության վաշտի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Ղալումյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին կաշառելու փորձի մեջ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Փաստինֆո» գործակալությունից:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար, իսկ գործը գտնվում է դատարանի վարույթում։

Ա.Ղալումյանը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2011 թ. դեկտեմբերի 5-ին, սակայն  ՀՀ ոստիկանության համակարգից չէր հեռացվել: Գրանցված լինելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, նա, ըստ մեղադրական եզրակացության, կաշառք տալու միջոցով կրկին պաշտոնի նշանակվելու համար 2012 թ. հունիսի 28-ին ծանոթացել է Արթուր Հակոբյանի եւ Արամ Մկրտչյանի հետ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝  Ա.Հակոբյանն ու Ա.Մկրտչյանը նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մոլորության մեջ են գցել Արթուր Ղալումյանին եւ հավաստիացրել, թե ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ստեփանյանը 30 000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է պաշտոնեական դիրքն օգտագործել եւ նպաստել ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նրա նշանակվելու հարցում։

Արթուր Ղալումյանը համաձայնել է պայմանին եւ, մեղադրական եզրակացության համաձայն, Արթուր Հակոբյանին անձամբ տվել է 25 000 դոլար, իսկ հաջորդ օրը 5000 ԱՄՆ դոլար` վերջինիս միջոցով ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Հայկարամ Ատեփանյանին որպես կաշառք տալու համար, սակայն Արթուր Հակոբյանը եւ Արամ Մկրտչյանը խաբեությամբ հափշտակել եւ տիրացել են առանձնապես խոշոր չափերի գումարին` 12 558 900 դրամին համարժեք 30 000 ԱՄՆ դոլարին։

Նշենք, որ Արթուր Ղալումյանի վերաբերյալ գործը քննվում է դատարանում, իսկ Ա.Հակոբյանն ու Ա.Մկրտչյանը դիմել են փախուստի եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Վերը բերված գործին ծանոթանալուց հետո, բնականաբար, հարցեր են առաջանում: Մասնավորապես` Արթուր Ղալումյանն ինչո՞ւ ժամանակին չի հեռացվել ոստիկանության համակարգից, այլ գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: Երկրորդ` եթե ժամանակին սպայական վաշտի հրամանատարի տեղակալ աշխատած, որոշակի փորձառություն ունեցող մարդն առանձնապես խոշոր չափերի նման կաշառքով փորձում է վաշտի հրամանատար նշանակվել, չե՞նք կարող եզրակացնել, որ ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի հաղթահարումից դեռ հեռու ենք, այսինքն` Ա. Ղալումյանը վստահ է եղել, որ աշխատավարձից բացի, ստանալու է նաեւ վարորդներից քամվող կաշառքները, ինչի համար չի ափսոսացել միջնորդների միջոցով 30 000 դոլար կաշառք տալ ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին: