Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Մատաղիսի» գործի վերաբերյալ` շեշտելով, որ դա  մեր բոլորի` անհատ քաղաքացիների, ծնողների, մտավորականների, քաղաքակական գործիչների, հասարակական կազմակերպությունների, սփյուռքի ներկայացուցիչների, միջազգային իրավապաշտպան հանրության, լրագրողների, բժիշկների, փաստաբանների համատեղ պայքարի գրագետ, հետեւողական իննամյա պայքարի հաջողությունն է:

Նրանց հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մատաղիսի զորամասի 2 զինծառայողների` Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի մահվան գործով 2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը բացառիկ էր, եւ արդյունքն էր քաղաքացիների, լրագրողների եւ փաստաբանների ամենօրյա նվիրված եւ հետեւողական աշխատանքի: Այդ որոշմամբ բեկանվեց Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը ուղարկվեց նոր նախաքննության`ապացույցների անբավարարության հիմնավորմամբ, իսկ այդ պահին ցմահ ազատազրկման մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը անհապաղ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Սակայն, ՀՀ Զինվորական դատախազությունը շարունակելով նախկին վարկածը եւ վեց տարիների ընթացքում ի հայտ չբերելով փաստական նոր հանգամանքներ` նորից գործին ներգրավել էր ազատ արձակված նույն մեղադրյալներին: Դեկտեմբերի 18-ին, 2012թ. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք տղաներին՝ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին եւ Մուսա Սերոբյանին անմեղ ճանաչեց՝ փաստելով, որ միջադեպը, որում մեղադրվում են նշված երիտասարդները, նշված վայրում նշված ժամանակ տեղի չի ունեցել. «Նման ապացույցների առկայության պայմաններում դատարանը գտնում է, որ հաստատված չէ ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի առնչությունը դեպքին եւ սպառված են [նշվածների մեղսակցության] նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»: Գործն ուղարկվել է նոր քննության, իսկ զինդատախազությունը դեռեւս հավանական է համարում դատավճռի բողոքարկումը Վերաքննիչ ատյանում: Փաստորեն, ինը տարի տեւած նախաքննությունը այդպես էլ ի զորու չեղավ գտնել իրական մեղավորներին: Այս գործի նկատմամբ հասարակական շեշտադրված ուշադրությունը նպաստեց մի շարք համակարգային բնույթ ունեցող հանցավոր երեւույթների բացահայտմանը, որը հատուկ է ՀՀ Զինված Ուժերում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին եւ դրանց շուրջ դատաիրավական գործընթացներին. ՀՀ ԶՈՒ-ում տեղի ունեցած բռնությունների եւ իրավունքների խախտումները, հատկապես սպանությունները կամ մահվան ելք ունեցող միջադեպերը մնում են չբացահայտված եւ անպատիժ:- չի կատարվում քննություն դատաբժշկական եզրակացությունների մեջ տեղ գտած ակնհայտ հակասությունների վերաբերյալ:

չի կատարվում մեղադրյալների եւ վկաների խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների քննությունը: Ավելին, դատական նիստերին հնչած խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունները չեն քննվում դատարանի կողմից:

չի կատարվում քննություն Ռազմական ոստիկանությունում նախաքննությունից առաջ եւ հետո պահված ժամանակի օրինականության վերաբերյալ:

գործերի հիմքում հաճախ դրված է լինում մի մարդու ինքնախոստովանականը, որը, չնայած այլ փաստերի եւ ի հայտ եկած հանգամանքների ճանաչվում է իբրեւ միակ հնարավոր վարկած, իսկ մյուսները «մոռացվում» են: Դատախազությունը ամեն գնով պաշտպանում է այնուհետեւ միայն այդ վարկածը:

նախաքննությունը առանց հիմնավոր պատճառների ձգձգում է գործի քննությունը, ընդ որում հաճախ մի քանի անգամ են փոխվում քննիչները:

Բանակային գործերի քննության այս արատավոր երեւույթները վերացնելու, Հայաստանում արդարության հաղթանակի, քաղաքացու իրավունքների պաշտպանության եւ ապահովման, ինչպես նաեւ բանակի եւ պետության հանդեպ հասարակության վստահությունը վերականգնելու նպատակով, մենք՝ մարդու իրավունքները իբրեւ գերակա շահ որդեգրած հասարակության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Մատաղիսի գործը մեր բոլորի` անհատ քաղաքացիների, ծնողների, մտավորականների, քաղաքակական գործիչների, հասարակական կազմակերպությունների, սփյուռքի ներկայացուցիչների, միջազգային իրավապաշտպան հանրության, լրագրողների, բժիշկների, փաստաբանների համատեղ պայքարի գրագետ, հետեւողական իննամյա պայքարի հաջողությունն է:

Յուրաքանչյուր զինվորի ցավը` մեր ցավն է, իսկ ԶՈւ-ում եւ դատաիրավական համակարգում նման իրավիճակը ոչ միայն անպատիժ է թողում, այլ նաեւ նորից առիթ է տալիս նոր բռնությունների համար, զոհերի եւ անմեղ տուժածների թիվը ավելանում է: Մատաղիսի գործով, ինչպես նաեւ նմանատիպ մյուս գործերով լիիրավ հաղթանակի հասնելու եւ զինված ուժերում բռնությունների դադարեցման համար հետամուտ ենք լինելու իրական մարդասպանների, դատաիրավական համակարգում խախտումներ կատարողների, դրանց կոծկողների եւ հովանավորողների բացահայտմանը եւ պատժմանը ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Նրանք կոչ են անում քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակության ներկայացուցիչներին սատար կանգնել բանակային այս եւ մյուս գործերի անկողմնակալ, ամբողջական եւ օրենքի տառին համապատասխան քննություններին, միանալ մեզ եւ նպաստել բանակում բռնությունների վերացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը` անկախ քաղաքական կամ այլ շահերից: Իսկ քաղաքական կուսակցություններին եւ միավորումներին կոչ են անում քաղաքական դիրքորոշում դրսեւորել նման կենսական հարցի շուրջ:

Հայտարարությանը միացել են.

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Լրագրողներ հանուն Մարդու իրավունքների» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն

«Հույս» ՀԿ

«Մարդու Իրավունքների Պաշտպանության Երեւանյան կենտրոն» ՀԿ

«Մեր ԻՐավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ

«Շիրակ Կենտրոն» ՀԿ

«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ

«Նոր Սերունդ» ՀԿ

«Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ

«Սոսե» Կանանց Հիմնահարցեր ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Մենք պլյուս» սոցիալական ՀԿ

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ

«Ուխտ Արարատի» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ