Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ, 2012 թվականի սկզբից գրանցվել է 2577 ավտովթար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսում հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: ՃՈ տվյալների համաձայն՝ տարվա սկզբից ավտովթարներցի զոհվել է 306, վիրավորվել՝ 3702 մարդ:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012-ին ճանապարհային ոստիկանությանը հաջողվել է նախորդ տարվա համեմատ 15-ով կրճատել ավտովթարներից զոհերի թիվը: «Ցավոք, 2011-ին մեզ չհաջողվեց հասնել այդ նպատակին, արձանագրվեց ավտովթարներից զոհերի աճ 34-ով, այն կազմեց 319»,-նշեց Նորիկ Սարգսյանը:

ՃՈ ներկայացուցիչը հատկապես ընդգծեց, որ վերջին 10 ամիսների արդյունքը համեմատելի է 2005 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: «Սակայն անհրաժեշտ է հիշել, որ վերջին 7 տարիներին մեծ քանակի մեքենաներ են ներկրվել Հայաստան եւ այն, որ մեզ հաջողվել է պահպանել նշաձողը, խոսում է ՃՈ աշխատակիցների աշխատանքի բարձր որակի եւ քաղաքացիների բարձր գիտակցության մասին»,-ասաց նա:

Նշենք, որ ավտովթարների հիմնական պատճառը շարունակում է մնալ վազանցի կանոնների խախտումը: Ընդ որում, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների կողմից կատարված վթարների թիվն ընդամենը 1 տոկոս է: Վթարների 1/3-ը վրաերթերն են: նախկինի պես, Ճանապարհային ոստիկանությունում կարծում են, որ վրաերթերի հիմնական մեղավորը վարորդները չեն, յալ՝ հետիոտնները: