Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Կախա Թբիլիսկի» մականունով «օրենքով գող» Կախաբեր Օ.-ին: Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն, հետախուզման մեջ գտնվող Կախաբեր Օ.-ն ձերբակալվել է Աջարիայի պարեկային ոստիկանության կողմից՝ Բաթումիի օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ: Նա ժամանել էր Մոսկվա-Բաթումի չվերթով:
«Կախա Թբիլիսկիի» նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 1998 թվականին՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Քննության տվյալներով՝ Կախան իր հանցակիցների հետ զինված ավազակային հարձակում է գործել Վիտալի Նադիրաձեի ընտանիքի վրա: Տուժածի բնակարանից տարել են 22 անուն աուդիո եւ տեսատեխնիկա, հագուստ եւ այլ թանկարժեք իրեր: Դրանից հետո «Կախա Թբիլիսկիի» բանդան Թբիլիսիում հարձակում է գործել եւս մեկ՝ Կուչխալիդիսների ընտանիքի վրա: Կողոպուտի ժամանակ սպանվել է անվտանգության ծառայության սպաներից մեկը:
Կախաբեր Օ.-ն 1998-ին հեռակա կարգով դատապարտվել է եւ մինչ օրս եղել է փախուստի մեջ՝ Ռուսաստանում:





























