Հունվարի 1-ին, ժամը 04.00-ին, թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ այտոսկրաակնակապիճային կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Միքայել Մ.-ն, իսկ գանգուղեղային տրավմայով, դաստակի կտրած վերքով եւ ականջի վնասվածքներով՝ 1990 թ. ծնված Ռուբեն Ս.-ն, որոնք ըստ Միքայել Մ.-ի հայտարարության՝ վնասվածքներն ստացել են նույն օրը Կոմիտասի պողոտայի մոտակայքում, ավտովթարի հետեւանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են ոչ թե ավտովթարի հետեւանքով, այլ նույն օրը, ժամը 02.30-ին, Իսահակյան փողոցում գտնվող ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, հայտնում են Ոստիկանությունից:
Հունվարի 1-ին, ժամը 09.20-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հուսիկ Ս.-ն՝ հայտարարելով, որ ինքն է իրեն վնասել՝ նյարդերը հանգստացնելու նպատակով:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Հուսիկ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է եղբորորդին` 1982 թ. ծնված Ավետիս Ս.-ն, որը ժամը 12.00-ին ներկայացել է բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




























