Ժերար Դեպարդիեն պաշտում է Ռուսասատանը եւ մտադիր է ռուսերեն սովորել: Այդ մասին հռչակավոր դերասանը հայտնել է իր նամակում, որից հատվածներ է հրապարակել ֆրանսիական մամուլը` դերասանին ռուսական քաղաքացիություն տրամադրելու լուրից հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Այո, ես դիմել էի անձնագիր ստանալու խնդրանքով, եւ ուրախ եմ, որ խնդրանքս ընդունվել է», - գրում է Դեպարդիեն: Դերասանի խոսքով` ինքը «պաշտում է Ռուսաստանը»` մշակույթը, պատմությունը եւ մարդկանց մտածելակերպը: Դերասանը հիշեցնում է, որ իր հայրը «ժամանակին կոմունիստ է եղել եւ Մոսկվայի ռադիո է լսել»:
«Ինձ դուր է գալիս ֆիլմեր նկարահանել այստեղ, որտեղ աշխատում եմ Վլադիմիր Մաշկովի նման դերասանների հետ», - խոստովանել է Դեպարդիեն: Ի հավելումն` Ռուսաստանն այն «պետությունը չէ, որտեղ վարչապետն իր երկրի քաղաքացուն կարող է անվանել խղճուկ մարդ», գրում է դերասանը` ակնարկելով Ֆրանսիայի վարչապետի այն խոսքերը, որոնք լրջորեն վիրավորել էին Դեպարդիեին:
Իր նամակում դերասանը հասկացրել է, որ Ռուսաստանում ապրելու գաղափարն իրեն բնավ չի վախեցնում: Իհարկե, ոչ Մոսկվայում, այն «շատ խոշոր մեգապոլիս է»: «Ես նախընտրում եմ գյուղը, Ռուսաստանում հիանալի վայրեր գիտեմ», - նշել է դերասանը: «Ես կսովորեմ ռուսերեն», - վստահեցրել է Դեպարդիեն:





























