Ադրբեջանն ու Թուրքիան հերթական  համատեղ զորավարժությունները կանցկացնեն: Ադրբեջանական  ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով իր անանուն ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ  թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կանցկացվեն այս տարվա մարտին Բաքվում` ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում: 

Ադրբեջանից զորավարժություններին կմասնակցի մոտոհրաձգային մեկ գումարտակ, Թուրքիայից` մեկ վաշտ:  Զորավարժությունների նպատակը համատեղ  գործողությունների կազմակերպումն է: Նախորդ տարի ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել էին մի շարք զորավարժությունների, մասնավորապես, Ադրբեջանի հատուկ նշանակության զինված խումբն Անկարայում մասնակցել էր  «Կովկասի արծիվ - 2012» զորավարժություններին: