Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում գալիք նախագահական ընտրությունները վերջացել են՝ դեռ չսկսած։ Այսօր՝ հունվարի 12-ին լրագրողներին այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում փետրվարին նախատեսված ընտրությունները խիստ տարբերվում են թեկնածուների ուժերի խիստ բեւեռացմամբ. Ամենահավանական հաղթողը՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս բոլոր թեկնածուների համեմատ մեծ առավելություն ունի։

«Բացի նրանից, միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են կազմակերպել նախընտրական քարոզարշավ ամբողջ հանրապետությունում, ուստի, ընդդիմությունը դժվար թե այս անգամ Սերժ Սարգսյանի համար լուրջ վտանգ հանդիսանա»,- ասել է Քեռյանը։

Միաժամանակ, նա ցավով նշել է, որ նախընտրական ժամանակահատվածը բնորոշվում է ոչ այնքան թեկնածուների ծրագրերը, որքան բամբասանքների քննարկմամբ. կառաջադրվի՞ արդյոք Լեւոն Տեր Պետրոսյանը, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը ոչ ոքի չսատարեց, ի՞նչ կորոշի Ռոբերտ Քոչարյանը եւ այլն։ «Այն, որ բանավեճերը մղվել են երկրորդական պլան՝ հիասթափեցնում է»,- ամփոփել է նա։