Ադրբեջանը ղեկավարվում է  պարտված պետության տրամաբանությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազամական փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով 2012թ. ադրբեջանական ԶՈւ կորուստների մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով «Դոկտրին» կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքները, տեղեկացրել էին, թե 2012թ-ին կորուստների թիվը կազմել է  97, եւս 91-ը վիրավորվել են: Ուշագրավ է, որ  97 կորուստներից 77-ը մարտական չեն եղել: Օրինակ նրանցից 16 –ը իբր «ընկել են հայ զինծառայողների գնդակի տակ»,  երեքը պայթել են ականի վրա, մեկը` գործողությունների ժամանակ: Ոչ մարտական կորուստներից ութը զոհվել են դժբախտ պատահարից, 16-ը` ավտովթարից, 14-ը` հիվանդությունից,  19-ը ինքնասպան է եղել եւ այլն:

Մեկնաբանելով այս տվյալները` ռազմական փորձագետն ընդգծեց, որ  որոշակի առումով ադրբեջանական կողմը հաստատում է  այն տվյալները, որ հրադադարի ռեժիմի խախատման նախաձեռնողն Ադրբեջանն է: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտման հարաբերակցությունը 1/10-11-ի: «Ստացվում է, որ ադրբեջանական կողմը հաստատում է հայկական կողմի տվյալները: Եթե հարեւան երկրի իշխանություններին նախկինում հաջողվում էր ամբողջությամբ հիմարացնել սեփական ժողովրդին, ապա այս անգամ` կիսով չափ»,-նկատեց փորձագետը: Նրա խոսքով, նման «շտկումների» նպատակը հանրությանն ավելի քիչ կորուստներ ցույց տալն է:

Ադրբեջանկան կողմը նաեւ ներկայացնում է «հայկական տեխնիկայի շարքից դուրս բերման» մասին տվյալներ: Խոսքը «ՈւԱԶ» մակնիշի մեքենաների մասին է: Արկադի Գրիգորյանը հիշեցրեց, որ հայկական բանակում նման մեքենաները հիմնականում օգտագործվում են որպես սանիտարական տրանսպորտ եւ հրամանատարների ծառայողական մեքենաներ: «Քանի որ անցած տարի հրամանատարի մահվան դեպք չի արձանագրվել, ուրեմն խոսքը սանիտարական «ՈւԱԶ»-ների գնդակոծման մասին է: Ոչինչ չի կարելի ասել, գովելի գործողություններ են»,-նկատեց փորձագետը:

Բացի այդ, ներկայացվում են բուլդոզերների շարքից դուրս բերելու մասին տվայլներ: «Խոսքը մի քանի մեքենայի մասին է: Միանգամայն լուրջ ձեռքբերում է հսկայական բյուջեով բանակի համար: Հետաքրքի՞ր է, որքան միջոց է պետք ներդնել ադրբեջանական բանակի զարգացման համար, որպեսզի «ոչնչացված» բուլդոզերների թիվը հասնի թեկուզ 20-ի: Կարծում եմ, նման տվյալների ներկայացումը պարզապես ամոթ է»,-ասաց Գրիգորյանը: