ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:  Նշելով որ սպասվում է լարված  աշխատանքային տարի՝  նախարարը շեշտել է անկախ նախորդ տարվա ձեռքբերումներից ու արդյունքներից հանրապետության ղեկավարության եւ հանրության սպասելիքներն ու պահանջները բոլոր նախարարություններից գնալով մեծանում են:

Նախարարն հանձնարարել է նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ հիմք ընդունելով կառավարության կողմից նախորդ շաբաթ հաստատված 2013 թվականի աշխատանքային տարվա ծրագիրն ու դրանցում ամրագրված կրթության ոլորտի գերակայությունները: Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց: Նախարար Ա. Աշոտյանն հանձնարարել է սեղմ ժամկետներում  հաստատման  ներկայացնել կրթական համակարգում կոռուպցիոն  երեւույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր  ծրագիրը:   

«Մենք պարտավոր ենք սահմանել աշխատանքային ավելի բարձր նշաձող: Հանրության, ինչպես նաեւ պետության ղեկավարության  սպասելիքները մեծ են: Հանրությունը մեզանից ավելի արագ եւ շոշափելի արդյունքներ է պահանջում, ավելին պատրաստ է նաեւ մասնակից լինել այդ գործընթացներին»,- նշել է նախարարը եւ որպես հիմնական պահանջ կարեւորել բաց եւ  թափանցիկ աշխատաոճը: «Մենք պարտավոր ենք աշխատել հանրության համար մաքսիմալ հասանելի լինելու սկզբունքով: Ցանկացած հանրային ազդակ եւ դժգոհություն՝ կապված  բաց աշխատանքի հետ անպայման կստանա խիստ արձագանք իմ կողմից»,- նշել է նախարարը:

Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում՝ նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել: Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսեւորումները բացառելու համար, ինչպես նաեւ բոլոր այն երեւույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ եւ արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա: