Հայաստանում ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց ԼՂ ԱԳ նախկին նախարար, Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Նրա խոսքով, միչեւ վերջ հույս է փայփայել, որ քաղաքական ուժերը չեն բոյկոտի նախագահական ընտրությունները` հրաժարվելով քաղաքական պայքարից: «Այսօր ընտրապայքարի մեջ են մտել երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ: Նկատի ունեմ կուսակցապետերին` «Ժառանգություն», ԱԻՄ, «Ազատություն» կուսակցության ղեկավարներին: Ավելին` դեռ ոչ ոք չի ներկայացրել ընտրություններում հաղթելու սցենար: Այսօր մենք հասել ենք վերջագծին, երբ շանս չի թողնվել ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել, իսկ տուժողը հասարակությունն է»,- ավելացրեց Արման Մելիքյանը: Նա նշեց, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մարտահրավերները, որոշել է առաջադրվել:

Ասուլիսի ընթացքում Արման Մելիքյանը ստորագրեց ԿԸՀ նախագահին ուղված մի նամակ, որով առաջարկեց, որ հրապարակվեն Հայաստանից հեռացածների, Հայաստանի քաղաքացիություն ստացած , սակայն Հայաստանում չբնաակվողների տվյալները, ինչպես նաեւ, թե քանի հոգի է հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից:

Նախագահի թեկնածուն տեղկացրեց, որ գործարկված է արդեն ֆեյսբուքյան էջը, որի միջոցով արտերկրում բնակվող քաղաքացիները կնշեն, որ իրենք չեն բնակվում Հայաստանում եւ չեն մասնակվելու ընտրություններին: «Մենք կարծում ենք, որ Հայաստանի բնակչության 35-40 տոկոսը չեն բնակվում Հայաստանում»,- ավելացրեց Արման Մելիքյանը եւ հրավիրեց համագործակցության արտախորհրդարանական բոլոր ուժերին: Ի դեպ, Արման Մելիքյանի փոխանցմամբ` բռնության դեպքում վստահված անձը լքելու է ընտրատեղամասը, քանի որ իրենց խնդիրն է արձանագրել, որ տվյալ տեղամասում եղել է բռնություն եւ այդ տեղամասում ընտրությունները իրավական հիմք ունենալ չեն կարող:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am