Ես հարգում եմ իմ ժամանակավոր մրցակիցներ Պարույր Հայրիկյանին, Հրանտ Բագրատյանին, Արման Մելիքյանին եւ բոլոր նրանց, ովքեր իրականում կարող են բարեփոխել Հայաստանը եւ ապագայում դաշնակիցներ կդառնան: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին «Հանրային երկխոսություններ» կազմակերպության կազմակերպած համացանցային մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կրկին նշելով, որ իր հիմնական մրցակիցը Հայաստանի գործող նախագահն է:
Մեկնաբանելով նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքը, որ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը «իշխանությունների թեկնածուներն են», նա նշել է. «Ես հարգում եմ բոլոր մարդկանց, մրցակիցներին եւ ընդդիմախոսներին, ինչպես նաեւ նրանց կարծիքների ազատ արտահայտման իրավունքը, սակայն ստին չեմ արձագանքում»:
Հովհաննիսյանը բացասական է գնահատել Սերժ Սարգսյանի կառավարման հնգամյա ժամկետը՝ նշելով, որ գործող նախագահի երկրորդ ժամկետում վերընտրվելու դեպքում ինքը նրան չի շնորհավորի. «Ինձ համար առավել կարեւոր կլիներ շնորհավորանքներ ստանալ Սարգսյանից եւ իմ հայրենակիցներից: Առաջին անգամ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու դեպքում վերջապես կունենանք օրինական նախագահ, եւ նա, ընտրվելով ժողովրդի կողմից, շնորհավորանքներ կվաստակի բոլորից»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























