Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Հայաստան կատարելիք իր առաջին այցելության ընթացքում կքննարկի մի շարք կարեւոր հարցեր՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի: Այսօր՝ հունվարի 15-ին, ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Թբիլիսիի՝ հարեւանների հետ ունեցած հարաբերություններին, նա նշեց, որ որ վերջին ժամանակներս Բաքվի հետ հարաբերությունները չեն առանձնանում դրական դինամիկայով, ինչի մասին վկայում են ադրբեջանական մամուլի հրապարակումները: Երեւանի հետ հարաբերություններում, հակառակը, վրաց-ռուսական հարաբերությունների մեղմացման համատեքստում, հետագա զարգացման միտումներ են նկատվում:

Այս առնչությամբ Մինասյանը հիշեցրեց, որ Վրաստանում համաներմամբ ազատ արձակված անձանց շարքում կան երեք հայ գործիչներ: Նրա կարծիքով՝ մոտ ժամանակներս հնարավոր է նաեւ որոշ առաջխաղացում Վահագն Չախալյանի գործով, որը նույնպես դրական միսիջ կլինի ուղղված Հայաստանին եւ հայերին:

Ավելի վաղ նշվել էր, որ Բիձինա Իվանիշվիլին աշխատանքային այցը կկատարի Երեւան հունվարի 17-ին:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am