Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ»-ից օգտվողները, պատահում է, պարզում են, որ իրենց սեռը «փոխված» է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս համակարգում տվյալներ են գրանցված, թե այս կամ այն անձը որ բուհն է ավարտել, երբ եւ այլն։ Նման «պատմության» մեջ ընկած մարդիկ արտահայտել են իրենց վրդովմունքը։ «Հաճախ եմ այցելում ՀՀ ԿԳՆ կայքէջը։ Այսօր էլ, երբ աչքի էի անցկացնում նորությունները, աջ էջի ձախ կողմում նկատեցի «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» բաժինը... Մուտքագրեցի տվյալներս, պարզվեց, որ Վահան անվան դիմաց սեռը ներկայացված էր իգական։ Դաժան փորձություն էր։ Որոշեցի այլ տվյալներ էլ դիտել ու պարզվեց, որ կա Հասմիկ անունով արական սեռի ներկայացուցիչ եւ բազում այլ նմանատիպ շրջանավարտներ։ Ես ուղղակի կխնդրեմ համապատասխան աշխատողներին, որ մեզ «սեռափոխված»  չներկայացնեն»,- բլոգներից մեկում գրել է օգտատերերից մեկը։

Երբ ԿՏԱԿ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես ե պատրաստվում շտկել թերությունը, տվյալների այդ ողջ բազան պետք է նորից աչքի՞ անցկացնեն։ Ասացին, որ ինչպես ստացել են ուսումնական հաստատություններից, այնպես էլ տեղադրել են կայքում՝ առանց ստուգելու։ Մուտքագրման աշխատանքներն, ըստ այդմ, ընթացքի մեջ են եւ դրանից հետո միայն կաշխատեն, որպեսզի կայքի օգտատերերը հնարավորություն ունենան հաղարդագրություն թողնել տեղ գտած սխալի վերաբերյալ, որն իրենք կուղղեն»,- գրում է «Հայկական ժամանակը»։