«Արաբական գարնան» տնտեսական ծախսերը կազմել են 225 մլրդ դոլար: Նման հաշվարկ են արել Reuters-ի BreakingViews-ում:

Հաշվարկների համաձայն՝ 2010 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Եգիպտոսի, Թունիսի եւ Լիբիայի տնտեսությունները միասին վերցրած 2011-2015 թվականներին կկազմեն 2,2 տրլն դոլար: Ներկայումս այդ ցուցանիշը նազվեցված է 10 տոկոսով, ինչն էլ կազմում է այն գումարը, որը կորցրել են այդ երկրները «արաբական գարնան» հետեւանքով:

Լիբանանյան The Daily Star-ը նշում է, որ BreakingViews-ի հաշվարկները չի կարելի ամբողջությամբ օբյեկտիվ համարել, քանի որ ԱՄՀ-ի կանխատեսումներում հաշվի են առնված բոլոր գործոնները, որոնք կարող են ազդել ՀՆԱ-ի անկման վրա, ոչ թե միայն հեղափոխության հետեւանքները, գրում է Lenta.ru-ն:

2011-ի հոկտեմբերին ԱՄՀ-ում հաշվարկել էին, որ արաբական երկրների կորուստները, որտեղ առավել խոշոր հուզումներ էին տեղի ունեցել, կազմել են 55 մլրդ դոլար: Փորձագետների ներկայացմամբ՝ Եմենում վնասը կազմել է ՀՆԱ-ի 5,4 տոկոսը, Թունիսում՝ 5,2 տոկոսը, Եգիպտոսում՝ 4,2 տոկոսը: Հիմնական հարվածն ստացել են Սիրիան եւ Լիբիան, որտեղ վնասը կազմել է ՀՆԱ 7,7 տոկոսը:

2012-ի ապրիլին Libyan Foreign Bank-ի գլխավոր տնօրեն Մոհամեդ բին Յուսուֆը հայտարարել է, որ արաբական աշխարհի երկրները հեղափոխության պատճառով կորցրել են 75 մլրդ դոլար:

2012-ի դեկտեմբերի սկզբին Դուբայի Emirates 24/7 ինտերնետ թերթը գրել է, որ Հորդանանի պլանավորման եւ միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղար Սալեհ Հարաբշին հեղափոխության ծախսերը գնահատել է 120 մլրդ դոլար: