Նախագահական ընտրություններից առաջ լարվածության բացակայությունը կարեւոր ազդանշան է հանրության համար։ Այօսր՝ հունվարի 16-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ երկրի ներքաղաքական իրավիճակը։
Նրա կարծիքով՝ հանրությունն ունի հստակ սպասելիքներ ընտրություններից, քանի որ իշխանությունը մեծ աշխատանք է կատարել ճգնաժամն ու բարդ ներքաղաքական իրադրությունը հաղթահարելու համար։ «Բոլոր խոշոր քաղաքական ուժերն այսօր խորհրդարանում են, եւ դա հույս է տալիս, որ այս նախագահական ընտրությունները կանցկացվեն ավելի բարձր մակարդակով քան՝ նախկինները»,- ասել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ նման հանգիստ մթնոլորտը հանրությանը հեռու է պահում հետընտրական ագրեսիաներից եւ թույլ է տալիս նրան առանց հապաղելու անցնել բարեփոխումներ իրականացնելուն:
Ինչ վերաբերում է նախընտրական պայքարին, ապա Մինասյանի կարծիքով՝ հիմնական թեկնածուներից յուրաքանչյուրն էլ վառ անձնավորություններ են (ի նկատի է ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին եւ «Ազգային ինքնորոշում» միության ղեկավար Պարույր Հայրիկյանին-խմբ):
Անդրադառնալով մի շարք քաղաքական ուժերի՝ թեկնածուներից ոչ մեկին չսատարելու որոշմանը, պատգամավորը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հենվի իր սեփական հնարավորությունների վրա, այլ ոչ թե այն փնտրի ուրիշ մեկի մեջ։ Նրա կարծիքով՝ հենց հակառակ գործընթացն է տեղի ունեցել ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի հետ, որոնք խմբավորվելով «Բարգավաճ Հայաստանի» շուրջն, այժմ կորցրել են իրենց ընտրազանգվածին։





























