Հայաստանում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ երեկոյան տեղի է ունեցել ժողով, որին մասնակցել են ՀՀԿ խմբակցության պատգամավորները եւ կուսակցության մարզային կառույցների ակտիվիստները:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ժողովի ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր:

Շարմազանովը նաեւ ասել է, որ իրենց առջեւ երկու խնդիր է դրված՝ ազատ, թափանցիկ եւ արդար ընտրությունների անցկացում, ինչպես նաեւ քարոզարշավի կազմակերպում, որը հաջողություն կապահովի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար:

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ ընտրություններից առաջ նման ժողովներ հաճախ կլինեն, իսկ քարոզարշավի մեկնարկից հետո կուսակցության անդամների աշխատանքի տեմպը կտրուկ կակտիվանա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին եւ կտեւի մինչեւ փետրվարի 17-ի ժամը 24:00-ն: Թեկնածուների ինքնաբացարկի հայտերը կընդունվեն մինչեւ փետրվարի 8-ը: