Կայանալիք նախագահական ընտրությունները կդառնան Հայաստանի պատմության մեջ լավագույնը, ամենաանխոցելին եւ ժողովրդավարականը, առաջընթաց քայլ կդառնան: Դատախազների եւ փաստաբանների համար ընտրախախտումների մասին հաղորդումներին արձագանքելու թեմայով անցկացվող եռօրյա սեմինարի բացման խոսքում նման համոզմունք է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Սեմինարն  ԱՄՆ-ի դեսպանատան մասնակցությամբ եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ անցկացնում է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի նախագահի փետրվարին կայանալիք ընտրությունների համատեքստում:

Նշելով Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում եվրոպական կառույցների դերը՝ նախարարն ընդգծել է, որ Եվրոպան սոսկ աջակցություն կարող է ցուցաբերել, Հայաստանն ինքը պետք է քայլեր կատարի:

Միաժամանակ Հրայր Թովմասյանը նշել է, որ հանրապետությունն արդեն շոշափելի աշխատանք է կատարել եւ հպարտանալու տեղ ունի:  Այս կապակցությամբ Հրայր Թովմասյանը ներկաներին հիշեցրել է, որ հայրենական բառապաշարից գրեթե անհետացել է «չարտոնված հանրահավաք» արտահայտությունը, իսկ խոսքի ազատության որեւէ սահմանափակման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Նրա խոսքով, լավ ընտրությունների անցկացման համար երեք բան է պահանջվում՝ լավ ընտրական օրենսգիրք, ընտրողների շրջանում ընտրություններին մասնակցելու մշակույթ, իշխանությունների կողմից լավ ընտրություններ անցկացնելու ցանկություն: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ Հայաստանի ԸՕ-ն շատ ավելի լավն է Արեւմտյան Եվրոպայի շատ երկրների համանման փաստաթղթերից: Միաժամանակ, Հրայր Թովմասյանը հաստատել է, որ ոչ մի երկիր ընտրությունների ընթացքում խախտումներից ապահովագրված չէ: «Անգամ իրավունքի, ոչ թե նորաձեւության օրենսդիր Ֆրանսիան չի կարող պնդել, թե ընտրություններն անցնում են առանց որեւիցե խախտման: Հարցը խախտումների քանակն է», - նշել է նախարարը: Ըստ նրա՝ խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն ապացուցեցին, որ արգելքը, դրական իմաստով, հաղթահարվել է: