Պայմանագրային զինծառայող 31-ամյա  Ա.Ա.-ն 8-ամյա աղջնակի նկատմամբ  սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով  (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):  Մերի Սարգսյանի խոսքով` գործը այժմ գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկանում է, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ Ա.Ա-ն 2012թ. օգոստոսի 12-ին ժամը 20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային թեթեւ աստիճանի խմածության վիճակում, իր տան ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 8-ամյա աղջնակի նկատմամբ: Մեր տեղեկություններով`աղջիկը, ում նկատմամբ նա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել, իր դստեր ընկերուհին է: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 29-ին: