Հայաստանում փոխվել է ընտրախախտումների բնույթը: Այսօր՝ հունվարի 16-ին, դատախազների եւ փաստաբանների համար ընտրախախտումների մասին հաղորդումներին արձագանքելու թեմայով անցկացվող եռօրյա սեմինարի բացման ընթացքում Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը նշել է, որ եթե նախկինում խոսքը հիմնականում «կարուսելի» մասին էր, ապա այժմ գերակշռողն ընտրակաշառքն է:
Սեմինարն ԱՄՆ-ի դեսպանատան մասնակցությամբ եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ անցկացնում է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի նախագահի փետրվարին կայանալիք ընտրությունների համատեքստում:
Սակայն բացահայտման առումով այժմ գերակշռող խախտման այդ տեսակը բավական բարդ է, քանի որ բացահայտումը, որպես կանոն, հիմնականում կատարվում է կաշառքը վերցնող անձի ցուցմունքների հիմքով: Իմանալով պատասխանատվության ենթարկվելու մասին՝ քաղաքացիները սովորաբար հրաժարվում են ցուցմունքներից, նշել է Անդրանիկ Միրզոյանը: Փաստորեն, կաշառք վերցնողներին պատասխանատվությունից ազատելու պարագայում գործընթացն առավել արդյունավետ կլինի:
Իր հերթին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հավաստիացրել է, որ չի եղել որեւէ դեպք, որ հանձնաժողովը չուսումնասիրի քաղաքացիների դիմումը, եւ ԿԸՀ-ն հետայսու էլ գործելու է նույնկերպ: Տիգրան Մուկուչյանը նաեւ տեղեկացրել է ընտրական հանձնաժողովների անդամների համար ուսումնական սեմինարների կազմակերպման մասին: Խոսելով խախտումների պրոֆիլակտիկայի մասին՝ նա նշել է, որ նախորդ տարի արտասահմանյան դիտորդների հետ մեկտեղ դիտարկումն անցկացնում էին տեղական մոտ 50 հասարակական կազմակերպություններ, որոնց մի մասը հետո խախտումների բացահայտմանն ու դրանց շտկման աջակցող զեկույցներ էին ներկայացրել: ԿԸՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովն առավել հաջող ընտրությունների անցկացման նպատակով տեղեկատվական համապատասխան նյութեր, պաստառներ է նախապատրաստել:




























