Ազատ ընտրությունները ժողովրդավարության հիմքն են։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օնո Սիմոնսը՝ ելույթ ունենալով դատախազների եւ փաստաբանների եռօրյա սեմինարի բացման արարողության ժամանակ։ Սեմինարն անցկացվում է ԵԱՀԿ կողմից՝ ԱՄՆ դեսպանության մասնակցությամբ եւ ԵՄ ֆինանսական համագործակցությամբ՝ Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։

Ինչպես նշել է ԵՄ ներկայացուցիչը, հենց ժողովրդի վստահությունն է ապահովում իշխանությունների օրինականությունը։ Այսինքն խախտումների հետաքննությունները խիստ կարեւոր են գործողության թափանցիկության եւ հասարակության վստահությունը նվաճելու համար։

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն նշել է, որ ընտրությունը ժողովրդավարության անկյունաքարն է հանդիսանում, որը օրինական ուժ է տալիս իշխանություններին։ ժողովրդավարության սյուներից են հանդիսանում նաեւ լրատվամիջոցների, ժողովների  ազատությունը, ընտրության բոլոր մասնակիցների համար հավասար պայմանները։ «Խիստ կարեւոր է լավ օրենքների լավ կատարումների համադրությունը։ Քանի որ միայն լավ օրենքների առկայությունը բավարար չէ։ Ցանկացած խախտում խարխլում է ժողովրդավարության հիմքերը եւ թուլացնում իշխանություններին»,- հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր անօրիանականացնում են ընտրությունները, անօրիանականացնում են իշխանությունները։