Հայաստանում, որպես կանոն, նախագահական ընտրություններն ավելի լարված են անցնում, քան խորհրդարանականները, սակայն ներկա իրավիճակը վկայում է, որ այդ երկու գործընթացները փոխվել են դերերով: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքական տեխնոլոգ, հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը:

«Կա գործող նախագահը եւ մյուս 7 թեկնածուները, որոնցից ոչ ոք առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու իրական շանսեր չունի: Ընտրություններին մասնակցելու նրանց դրդապատճառները կարող են տարբեր լինել: Նրանցից ոմանք պայքարի մեջ են մտել, որպեսզի մնան քաղաքական գործընթացներում, մյուսները նպատակ ունեն քաղաքական կամ նյութական դիվիդենտներ քաղել: Օրինակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի դեպքում ամբողջությամբ նկատելի են կոնկրետ մոտիվները՝ ներքաղաքական գործընթացների մասնակիցներ մնալու ցանկությունը»,-նշեց Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ փետրվարի 18-ին, ավելի շուտ, տեղի կունենա գործող նախագահի պաշտոնակալման արարողությունը, քան՝ ընտրություններ:

Փորձագետի համար լրիվ անհասկանալի է, թե ինչու առաջատար ընդդիմադիր ուժը՝ ՀԱԿ-ը, չի մասնակցում ընտրություններին: Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտնի այդ ուժի առաջնորդը: «ՀԱԿ-ի ոչ բոլոր անդամներն են 60 տարեկանից մեծ: Միաժամանակ չի կարելի ասել, որ որեւէ քաղաքական ուժ բոյկոտում է ընտրությունները: Թեեւ ՀԱԿ համակարգող  Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, այդ ուժի կողմից համակարգված բոյկոտ չկա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու ՀՅԴ-ն նույնպես չեն հայտարարել բոյկոտի մասին»,-ամփոփեց քաղտեխնոլոգը: