Նախագահի գրանցված թեկնածուներից ընդդիմադիր ճամբարի առաջնորդ կարող են դառնալ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, մամուլի ասուլիսում ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա համոզմամբ՝ քաղաքական պայքարը տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո, ընդ որում այդ պայքարը նկատելի կլինի բոլոր ճակատներում՝ քաղաքական, տնտեսական եւ այլն: «Ընտրություններից հետո տեղի ունեցող քաղաքական գործընթացները շատ ավելի հետաքրքիր կլինեն: Որոշիչ կլինի հարցը, թե ՀՀԿ-ի ներսում որ օղակը կհաղթի՝ քաղաքակա՞ն, թե՞ օլիգարխիկ: Առաջնահերթ կլինեն նաեւ արտաքին քաղաքական կողմնորոշմանը վերաբերող հարցերը, օրինակ, Եվրասիական տնտեսական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն»,-նշեց Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի բազմահազար կողմնակիցների մասին հարցին, փորձագետն ասաց, որ ԲՀԿ-ն ինքն իրենով չի կարող լինել ընդդիմադիր կամ նույնիսկ այլընտրանքային ուժ: «Եթե նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությունը չմտնի կոալիցիա, ապա կարելի է համարել, որ այն արդեն կրախի է մատնվել, իսկ եթե մտնի կոալիցիա, ապա նրանց մի մասն իշխանության կգա, մյուս մասն էլ այնտեղ, որտեղ իրենց փող կտան»,-ամփոփեց Քոչարյանը:





























