Դեդ Հասանի մարմինը տեղափոխող հատուկ ինքնաթիռը Դոնեցկից Մոսկվա է վերադարձել՝ Թբիլիսիի օդանավակայանում մերժում ստանալուց հետո։

«Այսօր Ուսոյանի մարմինը վերադարձվել է Մոսկվա, ամենայն հավանականությամբ նրան կթաղեն մայրաքաղաքի Դանիլովյան գերեզմանատանը», -  «Ինտերֆաքսին» պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Դանիլովյան գերեզմանատան աշխատակիցը gazeta.ru-ին հայտնել է, որ Ուսոյանի հարազատներն իրենց չեն դիմել։ Տվյալներ կան, որ նրան կարող են հուղարկավորել Տրոեկուրովի գերեզմանատանը, որտեղ անցկացվել էր հոգեհանգիստը, սակայն այնտեղ հրաժարվել են իրավիճակը մեկնաբանել։

Հիշեցնենք, հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Ասլան Ուսոյանի մարմինը տեղափոխող հատուկ ինքնաթիռը Մոսկվայից Թբիլիսի էր մեկնել՝ քրեական հեղինակության հայրենիք, որտեղ ընտանիքը ցանկանում էր թաղել հանգուցյալին:  Սահմանված կարգով, ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոնեցկում, որտեղ  այն զննել են մաքսայինները, սակայն թռիչքը չի շարունակվել, քանի որ Թբիլիսիում չեն համաձայնել ընդունել ինքնաթիռը: Ուսոյանի հարազատները դրանում մեղադրում են Վրաստանի կառավարությանը եւ Ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին: