Ընտրողների ցուցակը եւ քվեարկության նկատմամբ վերահսկողության իրականացումը տարբեր ինստիտուտներ են, մեկը մյուսով պայմանավորել եւ դատողություններ անելը անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարությանը, որում անդրադարձել էր նաեւ ընտրողների ցուցակին:

Անդրադառնալով ընտրողների ցուցակին` նա նշեց, որ դրա հիմքը հանդիսանում է պետական ռեգիստրը, ինչը նշանակում է, որ եթե որեւէ քաղաքացի հաշվառված է պետական ռեգիստրում, նրա վերաբերյալ տեղեկությունները կլինեն ընտրողների ցուցակում` անկախ այն հանգամանքից` այդ քաղաքացին գտնվում է Հայաստանում, թե ոչ:

«Հիմնական խնդիրը Հայաստանից բացակայող ընտրողների հետ է կապված, ինչը բոլորովին այլ ինստիտուտ է: Ցուցակներում ներգրավում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն հաշվառում: Եթե ընտրողների ցուցակում կան քաղաքացիներ, որոնք քվեարկության օրը բացակայելու են Հայաստանից եւ անգամ եթե նրանց թիվը մեծ է, սա դեռ որեւէ բան չի նշանակում, որեւէ հետեւության հանգեցնել չի կարող»,- ասաց նա` շեշտելով, որ ուրիշի փոխարեն քվեարկելը քրեորեն պատժելի արարք է, ինչպես նաեւ ստեղծված է հասարակական վերահսկողության լայն հնարավորություններ, գործընթացին հետեւում են բազմակուսակցական տեղամասային ընտրական հանձնաժողովները:

Տիգրան Մուկուչյանը նաեւ հիշեցրեց, որ եթե ցանկացած այլ հարցով անձը կարող է դիմում ներկայացնել իր խախտված իրավունքների վերաբերյալ, ապա ընտրողների ցուցակի վերաբերյալ այլոց տեղեկությունների ճշգրտման մասով եւս անձը կարող է ներկայացնել դիմում: Միեւնույն ժամանակ, ԿԸՀ նախագահի խոսքով, նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո հսկայական աշխատանք է կատարվել, լրացուցիչ ճշգրտումներ են կատարել ընտրողների ցուցակում, համապատասխան ծառայողները այցելել են քաղաքացիների բնակարաններ, ճշգրտել ցուցակները:

Անդրադառնալով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի` տարեկան վերագրանցում անելու առաջարկին, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես պետք է լինի տարեկան հաշվառումը: Նախ, խնդիրն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում փոխել իր հաշվառման վայրը, թե ոչ, եթե ներկայացնում է համապատասխան դիմում, տեղի է ունենում համապատասխան փոփոխություն: Տարեկան վերագրանցում իրականացնելիս, ԿԸՀ նախագահի խոսքով, մի շարք խնդիրներ են առաջանում, նախ` յուրաքանչյուր տարի քաղաքացիների լրացուցիչ նոր պարտավարություն ծանրաբեռնել, որպեսզի նոր հաշվառում անցնեն, եւ հետո եթե որեւէ մեկը մեկնել է Հայաստանից, արդյոք ընտրողի կամքից անկախ պետք է նրան հանե՞լ ցուցակից, թե՞ ոչ եւ այլն:

ԿԸՀ նախագահը բացառեց, որ երբեւէ որեւէ երկիր կարող է ունենալ բացարձակ ճշգրիտ ցուցակ, դա ուղղակի անհնար է, քանի որ նույն  օպերատիվությամբ տվյալները չեն կարող թարմացվել ընտրողների ցուցակում, այն միշտ էլ պարունակում է անճշտություններ, թերություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր նաեւ ընտրողների ցուցակներին: «Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության եւ կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու եւ որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ՝ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում:  Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի եւ մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետեւելու եւ հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք»- ասված է նրա խոսքում: