Հայաստանի նախագահի  թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց վառ երեւակայություն ունի  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար  Էդուարդ Շարմազանովը՝մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, ըստ որի՝ վարչական ռեսուրսն օգտագործվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն իրականացնելու համար:

«Պետական ոչ մի կառույց գործող նախագահի օգտին քարոզչությամբ չի զբաղվում: Մենք քանիցս հայտարարել ենք, որ ընտրություններն անցկացվելու են օրինականության շրջանակում», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ   Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, քարոզարշավի ընթացքում բուկլետներ չի բաժանում:

Ինչ վերաբերում է խախտումների մասին բողոքներին, Էդուարդ Շարմազանովը կոչ է արել դրանք նկատելուն պես դիմել համապատասխան մարմիններ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պետական հաստատությունների ղեկավարները, նաեւ համայնքների ղեկավարներն ու քաղաքապետերը արդեն սկսել են կրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ ժողովներ անցկացնել, որոնց ժամանակ համապատասխան հրահանգ են տալիս, այն է՝ ձայնը տալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: