Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլը կշարունակի մինչեւ նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ը: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում նշել է Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ եթե մինչ այդ թելկնածուի պահանջները չբավարարվեն, նա փետրվարի 18-ից հետո պայքարի նոր միջոցներ կմշակի: Այս պահին Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է:
Ի պատասխան հարցին, թե արդյոք հացադուլը յուրօրինակ PR չէ, Գրիգորյանը նշել է. «Հնարավոր է, Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ստեղծում է ինքնագովազդի խաբկանք, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Չպետք է բացառել մեկ մարդու գործոնը, մարդկության պատմությունն ապացուցում է՝ ինչի է ունակ մեկ մարդը»:
Միաժամանակ Գրիգորյանն ասել է, որ «շատ դժվար է մրցել եւ պայքարել ավտորիտար վարչակարգի դեմ», եւ հենց ստեղծված իրավիճակն է ստիպել Անդրիաս Ղուկասյանին բռնել պայքարի ուղին:
Ինչ վերաբերում է Ղուկասյանի բողոքին հասարակության արձագանքին, Գրիգորյանը հայտնել է, որ արձագանքը սպասվածից աշխույժ է: «Արձագանքել են ոչ միայն մարզերի քաղաքացիներ, այլեւ սփյուռքահայեր, որոնք խոստացել են անհրաժեշտության դեպքում ֆինանսավորել Ղուկասյանի վճարովի եթերաժամանակը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























