Մոսկվայում 66 տարեկան հասակում մահացել է հայտնի իրավապաշտպան, մարդու իրավունքների գծով նախագահական խորհրդի անդամ Վալերի Աբրամկինը: Նրա մահվան մասին հայտնել է Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ Վալերի Բորշեւը:
Նրա խոսքով` Աբրամկինն երկար ժամանակ էր հիվանդ վիճակում, իսկ վերջին ժամանակներս ընդհանրապես անգիտակից վիճակում էր: «Ես նրան ճանաչել եմ դեռ 70-ական թվականներից: Մենք նրա հետ կապված ենք եղել նախ այլախոհական, ապա իրավապաշտպանական գործունեությամբ: Մենք երկուսով ենք հասել բանտերի վրա հանրային վերահսկողության օրենքին»,- պատմել է Բորշեւը:
Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան պատմել է, որ Աբրամկինը դեռ բանտում եղած ժամանակ է վարակվել ծանր տուբերկուլյոզով եւ շատ հիվանդ մարդ էր: Բայց համառորեն պայքարել է հիվանդության դեմ եւ աշխատել է:
Ինչպես գրում է «Գազետա.ռու»-ն, Վալերի Աբրամկինը ծնվել է 1946 թվականի մայիսի 19-ին: 1979 թվականին նա «Որոնումներ» եւ «Հակասովետական նյութերի հրապարակում» ինքնահրատարակվող ամսագրի տարածման համար դատապարտվել է երեք տարի ազատազրկման: Ազատվելուց հետո Աբրամկինը սկսել է պայքարել դատապարտյալների իրավունքների համար: Իրավապաշտպանն ընդգրկվել է մարդու իրավունքների գծով Նախագահական խորհրդի մեջ եւ եղել է Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ:





























