Նախորդ տարին առանձնացավ Ադրբեջանի հետ շփման գծում լարվածության որոշակի աճով. Հատկապես դա վերաբերում է ադրբեջանական կողմից դիպուկահարների ներգրավմանը եւ դիվերսիոն-հետախուզական գործողությունների անցկացմանը։ 

Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին, ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։«Այս գործողությունները համարժեք պատասխան են ստացել հայկական կողմից», - ընդգծել է նախարարը եւ հավելել, որ նախորդ տարվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն կորուստներ է ունեցել։  

«Մեծ մասը հերոսաբար զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս։ Մենք պետք է հպարտանանք, որ կյանքի գնով մարտական դիրքերը պաշտպանելու պատրաստ մարտիկներ ունենք»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա՝ հակառակորդի գործողությունները ոչ միայն համարժեք պատասխան են ստացել, այլեւ պրոֆիլակտիկ միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ հակառակորդի տարածքում։  

«Անցած տարում բարձրացել է հայկական բանակի մարտունակությունը, համալրվել է սպառազինությունը եւ տեխնիկան, զարգացել է հայրենական ռազմարդյունաբերական համալիրը։ «Մեր հարեւանները մշտապես ագրեսիվ հռետորաբանությամբ են հանդես գալիս, հայտարարում ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, հրաժարվում են վստահության մթնոլորտ ստեղծելու առաջարկներից։ Դա մեզ պարտավորեցնում է զգոն լինել։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝  Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի», - ամփոփել է Սեյրան Օհանյանը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am