Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Սերժ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:
Ստեղծվելով մեր ժողովրդի համար օրհասական պահին եւ թրծվելով պատերազմի բովում` հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, կարողացավ արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը եւ այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:
Եւ այն, որ այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ, նաեւ Ձեր անձնական ջանքերի եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:
Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի զորացման ու բարգավաճման»:





























