Եթե կարծում են, թե ընտրվելու են, թող կարծեն, շրջաններ եկեք, տեսեք, ինչ է կատարվում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ Հայաստանի շրջաններում ուրիշ վիճակ է, իշխանությունից դժգոհ են, մարդիկ համարձակորեն ասում են, թե ինչ են մտածում՝ ի տարբերություն Երեւանի: Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ այդ առումով վերջին քսան տարիներին «երեւանցիներին բռնաբարել են»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է ընդդիմադիր թեկնածուները միավորվեն եւ ուժային կենտրոն ստեղծվի, նախագահի թեկնածուն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին: «Ես կուզենայի ծրագիր տեսնել, բոլորը պարտավոր են ասել, թե ինչ են անելու: Հնարավոր է միավորում, բայց պետք է սեղանին դնենք այն, ինչ պետք է դնենք եւ դա ընդունելի լինի»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Ընտրություններում հաջողության չհասնելու դեպքում Հրանտ Բագրատյանը պատրաստվում է ակտիվորեն զբաղվել «Ազատություն» կուսակցությունով, «պարապ չի նստելու»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























