Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկ, ով նաեւ ՀՀԿ Արարատի կառույցի ղեկավարն է, երեկ որոշել է «Պարույր Սեւակ» ոսկե հուշամեդալով պարգեւատրել Աժ նախագահ եւ խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին՝ «մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու դրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Հանդիպմանը, որին, մեր տեղեկություններով, մասնակցել է նաեւ Հովիկ Աբրահամյանի ջանքերով պատգամավոր դարձած նրա մորաքրոջ աղջիկը` Կարինե Պողոսյանը, ներկա են եղել մարզպետարանի աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը խոսել է առաջիկա նախագահական ընտրություններից։ Մի խոսքով, մարզպետարանում հանդիպումը դարձել է նախընտրական։ Ընդ որում` Սերժ Սարգսյանի շտաբի պետը ընտրացուցակների եւ մրցակցային պայմանների վերաբերյալ դժգոհությունները, ըստ ԱԺ կայքէջի, համարել է չհիմնավորված՝ թափանցիկ ընտրությունների ապահովումը հայտարարելով բոլոր թեկնածուների գործը»,- գրում է «Ժամանակը»։





























