Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, որ օրեր առաջ մեկնել էր Մոսկվա, վերադարձել է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով Գյումրիի իր աղբյուրներին։
«Կրտսեր Ղուկասյանի նկատմամբ, հիշեցնենք, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ նրա մեկնումը երկրից ոստիկանությունից բացատրել էին նրանով, թե համապատասխան բժշկական տեղեկանք է ներկայացրել եւ շտապ մեկնել է ՌԴ բուժվելու։ Իրականում, ըստ լուրերի, Ս.Ղուկասյանը ՌԴ էր մեկնել «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու։
Երբ զանգահարեցինք Վ. Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանին՝ պաշտոնապես ճշտելու տեղեկությունը, նա պատասխանեց, «Ես ոչ բժշկական թղթից եմ տեղյակ, ոչ գնալուց, դա ընտանեկան խնդիր է։ Ես ինքս հիմա քաղաքում չեմ եւ տեղյակ չեմ՝ նա քաղաքում է, թե ոչ։ Կրտսեր Ղուկասյանը, սակայն, ոչ միայն վերադարձել է։ Երեկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբը հաղորդագրություն տարածեց, որ Գյումրիի Գ. Նժդեհ փողոցում վերսկսվել են ապօրինի կառուցվող գազալցակայանի շինարարական աշխատանքները։ Շինարարությունը կապվում է հենց Սպարտակ Ղուկասյանի անվան հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























